Բարեկենդան

Բարեկենդան (բառացի՝ բարի կենդանություն, ուրախություն), գլխավոր շաբաթապասերին նախորդող շաբաթ օրը։ Եկեղեցին այդ օրը քահանայական դասին և հավատացյալ ժողովրդին արտոնում է ճոխ սեղան և զվարթություն՝ հաջորդող պահքը ուրախ սրտով մտնելու և երկարատև պահոց օրերին դիմակայելու համար։ Հայ եկեղեցում օրացույցում նշվում են մի շարք բարեկանդաններ. Բարեկենդան Վարդավառի պահոց, Բարեկենդան Աստվածածնի պահոց, Բարեկենդան ս. Խաչի պահոց, Բարեկենդան ս. Գրիգոր Լուսավորչի պահոց, Բարեկենդան Առաջավորաց պահոց, Բարեկենդան Եղիական պահոց ևն։ Հայ եկեղեցին առանձնակի ճոխությամբ նշում է հատկապես Բուն Բարեկենդանը։ Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն: Այն ուրախության ու զվարճանքի օր է, հիշեցնում է Ադամի և Եվայի դրախտային կյանքը, երբ նրանք ապրում էին վայելքի ու անհոգության մեջ: Նախկինում դրանք հեթանոսական տոնախմբությունների օրեր էին, կատարվում էին փետրվարին կամ մարտի սկզբին: Տոնը  կապ ուներ գարնան սկսվելու հետ: Եվ պատահական չէին զվարճությունները, որոնք արթնացող բնությանը ուրախ դիմավորելու, մարդկանց վերակենդանացնելու խորհուրդ ունեին: Մարդիկ մաղթում էին միմյանց բարի կենդանություն: Տոնին պատրաստվում և մասնակցում էին բոլորը` մեծ, թե փոքր:
Երկու- երեք օր առաջ կանայք և տղամարդիկ դադարում էին աշխատել , զանազան խաղեր էին խաղում, զվարճանում երեխաների պես: Հավաքվում էին մեծ ու փոքր, մի կողմ էին դրվում պետական կամ եկեղեցական օրենքները, ամեն մարդ առանց քաշվելու ասում էր իր խոսքը:

Բուն Բարեկենդանը բացի խրախճանքից, կեր ու խումից, նաև ազատության օր էր: Այդ օրը հիշվում էին նաև պանդխտության մեջ գտնվողներին ու երգում էին հատուկ տաղեր: Բարեկենդանի երեկոն բարեկամներն ու հարազատները միասին էին անցկացնում: Կուշտ ուտում էին ու խմում, քանզի առջևում յոթշաբաթյա պասն էր: Ամենավերջում ուտում էին ձու` բերանը կողպելու համար, որպեսզի Զատիկին դարձյալ ձվով այն բանան։

Նույնիսկ եկեղեցին է այդ օրը խստակենցաղ հոգևորականների համար սահմանել որոշ ազատություններ: Այստեղ ևս մուտք են գործել բարեկենդանյան խաղերն ու խրախճանքները:

Բարեկենդանը` քրիստոնեական տոն

Մեծ պահքի բարեկենդանը կոչվում է Բուն Բարեկենդան, քանի որ նախորդում է ամենաերկար պահքին: Բարեկենդանը մարդու երջանկության հիշատակն է, որը դրախտում վայելում էին Ադամն ու Եվան: Այն նաև դրախտային կյանքի օրինակն է, որտեղ մարդուն արտոնված էր ճաշակել բոլոր պտուղները, բացառությամբ բարու և չարի` գիտության ծառի պտղից, որը պահքի խորհրդանիշն է: Բարեկենդանն առաքինությունների արտահայտություն է: Այդ օրը մարդիկ սգից անցնում են ուրախության, չարչարանքից` խաղաղության: Այս ընկալմամբ է, որ յուրաքանչյուր քրիստոնյա հոգու խոնարհումով, ապաշխարությամբ, պահքով և ողորմության հույսով սկսում է Մեծ պահքի 40-օրյա ճանապարհը: Այն տևում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության՝ Զատիկի տոնը:

Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք: Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից: Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու անօգուտ է: «Լեռան քարոզում» Քրիստոս պահքի մասին ասում է. «Երբ ծոմ պահեք, տրտմերես մի լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսներն այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երևան, թե ծոմ են պահում, ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը, այսինքն՝ մարդկանց երևալը և նրանցից գովվելը: Այլ երբ դու ծոմ պահես, օծի քո գլուխը և լվա քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց ծոմ պահող, այլ քո Հորը՝ գաղտնաբար, և քո հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ» (Մատթ. 6:16-18): Մեծ Պահքի 40 օրը խորհրդանշում է անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության և ապաշխարության շրջանը: Իր մկրտությունից հետո Հիսուս «հոգով անապատ առաջնորդվեց ու քառասուն օր փորձվեց սատանայից: Չկերավ ու չխմեց այն օրերին» (Ղուկ. 4:1-3):

Բուն Բարեկենդանի նախորդ օրը՝ շաբաթ երեկոյան, ժամերգության ընթացքում եկեղեցու խորանի վարագույրը քաշվում է, խորանը ծածկվում է և այսպես շարունակվում է քառասունօրյա պասի ընթացքում: Պասի ժամանակ մատուցվում է փակ պատարագ. ամուսնություններ տեղի չեն ունենում, արգելվում է մատաղ անել, մինչ թույլատրվում է մկրտություն և նշանդրեք կատարել:

Եկեղեցին, Քրիստոսի օրինակի հետևողությամբ, քառասունօրյա պահք է հաստատում, հավատացյալներին քառասուն օր խոկումի, աղոթքի, ինքնաքննության ու զղջումի առիթ տալու համար: Կարևոր սրբոց տոների առթիվ , երբ մատուցվում է հանդիսավոր Պատարագ, վարագույրը քաշվում է և տեղի է ունենում բաց պատարագ:

Ներկայացումներ

Ահա եկավ հայոց ազգին օրերը,

Հանեցեք հիները, հագեք նորերը:

Բարեկենդան, փորեկենդան,

Բարեկենդան օրեր է, խելքս գլխես կորեր է…

Բարեկենդանը այնքան սիրված, ժողովրդական, սպասված տոն էր, որ հայ ժողովրդի կողմից այն ընկալվել է որպես ամենաազգային (հայոց ազգի օրեր), ինչպես նաև ամենաերջանկաբեր տոնը, խրախճանք, ճոխ և առատ ուտելիքներ վայելելու օր: Պարերի, խաղերի, զվարճահանդեսների, թատերախաղերի, այցելությունների և ուրախության երկու շաբաթ: Երեկոյան, երբ խնջույքներից հոգնած մեծերը հավաքվում էին տանը, դուռը բացվում էր աղմուկով, երգով, թմբուկով և ներս էին ընկնում երեխանները: Տղաները հագած էին լինում աղջիկների հագուստ,փոքրերը`մեծի, երբեմն` ծաղրածուի:

Կերպարանափոխված կամ դիմակավորված խմբերով զվարճախաղերը և թատերական ներկայացումները Բարեկենդանի առավել սիրված հանդիսություններն էին: Դրանց մասնակցում էին թե երեխաները, թե մեծահասակները:

Արտաքինը պիտի հնարավորին չափ ծիծաղաշարժ լիներ, դեմքերին դնում էին ծիծաղելի դիմակներ կամ մուր, ալյուր քսում, ածուխով ներկում: Երեխաները տեսարան էին ներկայացնում գյուղի կյանքից կամ խաղում էին որևէ սրամիտ սյուժե:

Զվարճախաղերից առավել տարածված էին վեգը, ընկուզախաղերը և Ճոճախաղերը: Երեխաները գետնին փոքրիկ փոսեր են փորում, ապա հերթով մեկը մյուսի հետևից ընկույզը գլորում այնպես, որ առանց նշանակված գծից շեղվելու ընկույզն ընկներ մի փոսի մեջ: Հաջողվածը բոլոր գլորած ընկույզները յուրացնում էր: Մեկ այլ խաղում խաղացողները մի մետր տրամագծով շրջան էին գծում և մեջտեղը ուղիղ գծով ընկույզներ շարում: Երեք-չորս մետր հեռավորությունից գցում էին վեգերը` աշխատելով խփել ընկույզներին և գոնե մեկը դուրս հանել շրջանից, որով և շահում էին շարված բոլոր ընկույզները:

Ճոճախաղերը գլխավորապես կանանց ու աղջիկների, մասամբ երեխաների խաղերն են: Ճոճվում էին բարձր ծառի հաստ ճյուղից կամ որևէ գերանից օղակով անցկացված պարանի վրա նստելով, կամ երկու պարաններ օղակների մեջ տեղադրված տախտակի վրա նստած կամ կանգնած: Ճոճախաղերը զվարճահանդեսի էին վերածվում, երբ ճոճվողների շուրջ հավաքված բազմության առաջ տվյալ պահին ճոճվողի ոտքերին ճիպոտով հարվածելով պահանջում էին որևէ գաղտնիք ասել: Առավել տարածված էր` ստիպել սիրած տղայի անունը բարձրաձայն ասել: Ճոճախաղերը հաճախ վեր էին ածվում մրցախաղերի` ով ավելի մեծ կորագծով կճոճվի:

Բարեկենդանի խոհանոց

Բարեկենդանին նախապատվությունը տրվում է մսեղենի,կաթնեղենի առատությանը: Տավարի, ոչխարի և թռչնեղենի մսից պատրաստում էին զանազան ճաշատեսակներ: Առաջին օրերին պատրաստում էին մեծ քանակությամբ գաթա ու հալվա: Երեկոյան ուտում էին կաթնապուր, մածուն, խաշած ձու:

Բարեկենդանի կերակուր են համարվել` փաթիլան, սըռոն, բխբխիկը:

Փաթիլան պատրաստել են հետևյալ կերպ. լավաշի հաստությամբ խմորի վրա քսել են պանիր կամ ղավուրմա, բարակ հացով ծածկել են, տապակել, ապա իրար վրա դարսելով կտրատել են, վրան լցրել հալած յուղ:

Բխբխիկ

Բխբխիկը ալյուրով, ձվի դեղնուցով ու կաթով եփել են յուղի մեջ: Մատուցելուց առաջ վրան լցրել են մեղր:

Սըռոն

Բարակ բացված հացը կտրտել են, լցրել սխտորած մածնաթանի մեջ, հետո հանել են, վրան յուղ լցրել ու կերել:

Օգտագործված գրականություն

Հրանուշ Խառատյան, «Հայ ժողովրդական տոներ»

Արտակ Արքեպիսկոպոս Մանուկյան, «Հայ եկեղեցու տոները»

«Շողակաթ» հեռուստաընկերություն, «Բուն Բարեկենդան»

Leave a comment