Day: April 19, 2017

Մաթեմատիկա 19.04.2017թ.

Պարապմունք 31.

Հարցերի քննարկում:

Թեմա` կոտորակների բաժանումը:

Աշխատանք գրքից` 1311,1312,1314,1301

1301.

Այո կրչատվում է

1311.

3/8:7/4=3/8×4/7=12/56

20/3:13/36=20/3×36/13=468/39=156/13

9/35:3/7=3/5

121/63:11/9=121/63×9/11=289/693

1024/625:64/125=16/5

888/81:222/9=4/9

1312.

5/21:15/7=3/3

18/25:6/75=3/3

56/69:8/23=7/3

11/72:5/24=11/72×24/5=264/60=44/10=22/5

215/15:303/101=215/15×101/303=21715/4545

1314.

3/1:4/7=3/1×7/4=21/4

12/1:3/8=12/1×8/3=96/3=32/1

8/1:5/12=8/1×12/5=96/5

81/1:9/10=81/1×10/9=810/9=90/1

12/1:48/17=12/1×17/48=204/48

15/1:35/16=15/1×16/35=240/35

24/1=16/25=24/1×25/16=600/16=75/2

33/1:22/19=33/1×19/22=627/22

Պերճ Պռոշյանի հուշիկը Աբովյանի մասին

Պերճ Պռոշյանի հուշիկը Աբովյանի մասին Արժեր առանց հիշողության չթողնել Երևանի դպրոցի տեսչի գալուստը: Ամառն է, հուլիսի տժտժան շոգերն են, բայց մենք սովորում ենք: Կրակ էլ որ թափվեր երկնքից, Շաբոն (այսպես էր կոչում ռամկությունը մեր վարժապետ Շապուհին) մեզ արձակողը չէր: Գոնե պարապմունքը պակասացներ.-ոչ, Շապուհի համար ամառ- ձմեռ չկար: Ձմեռներն «Ամենափրկիչ» կոչված եկեղեցու արևելա-հյուսիսային խարխուլ ավերակումն էր փոշեխեղդ անում մեզ, ամառը` նույն եկեղեցու հյուսիսային պատի երկարությամբը, կամ արևմտյան բակի տերևաշատ նալբանդենի, կամ չինարի կոչված թեղի ծառի հովանու ներքևն էր քրտնքախաշ անելով, վաղ առավոտից մինչև ուշ երեկոն, հոգիներս հանում, դաս տալիս: Մոռացա ասել, որ իր գալստյան առաջին ձմեռը, «Ռուբ» մականվանյալ Ղափանցոնց Ստեփանի գոմի օդումն էր թրքահոտությունը մեզ խեղդում: Զուգադիպությանն ենք պարտական, որ այն դժոխքից ազատվեցինք: Դեպքն աննշան է, բայց ծիծաղաշարժ լինելու պատճառով պատմելն աղալի և արժան է: Չամչյանի քերականության վերա ենք, հոլովում ենք «Գետ, գետո, գետով»: Ողորմածիկ «Ռուբ» Ստեփանը նստել է մի անկողնում և ապշած լսում է: Մեկել, միամտաբար, Շապուհ վարժապետը հրամայում է մեկին հոլովել «Ռուբ», որ նշանակում է մաթ, բաքմազ, խաղողի օշարակ: Աշակերտներս փռթկացնում, ծիծաղում ենք: Վարժապետը չիմացած բանի էությունը, սաստիկ բարկանում է և հրամայում Ռուբ բառը հոլովել: -Ուղղական` Ռուբ, սեռական` Ռբոյ, տրական…. — Վա′յ, ես ձեր… Աշտարակցու օրհնություններ` մեկս-մեկու հետևից թափում է ուսուցչի, նրան մեր գյուղը բերողի և աշակերտներիս հասցեին` ծերունի «Ռուբ» Ստեփան ափերը (հայրիկ, պատվանուն) և գավազանի հարվածներով մեզ և ուսուցչին դուրս է քշում, ձյունի երեսն անում: Շատ ուշ հասկացավ պարզամիտ վարժապետն յուր սխալը, բայց զուր, նա ոչինչ կերպիվ Ստեփանին չկարաց համոզել, թե ինքն անգիտությամբ իբրև օտարական, չի հասկացել անպատվաբեր բառի ծաղրական լինելը: Գանք մեր պատմության շարունակությանը: Չեմ հիշում` առաջիկա՞, թե երկրորդ տարու ամառը, հանկարծ մեր վարժապետը լեղապատառ ներս է ընկնում մեր բացօթյա ուսումնարանն ու գոռում. ուղղվեցե′ք, կարգի ընկե′ք, փայտի նման տեղներդ չորացե′ք, վայր թափեցե′ք, Երևանի թագավորական վարժարանի մեծն եկել է, հենց հիմի էստեղ կլինի, ձեզ հարցմունքներ կանի, վայ նրան, ով որ մի տառում սխալվել է, ճիպոտի տակին կմահացնեմ: Խեղճ Շապուհը տերևի պես դողում է, գույնը դեղին քրքումի (զաֆրան) է փոխվել, 2 ատամներն իրար են դիպչում: Մենք, իսկույն, թուրքերի նամազի և հայտնի ժամերին անհրաժեշտ եղած լուլեին կոչված ծորակավոր խեցի ջրամաններով , որոնցով ջուր էինք խմում, մերձակա առվակից ջուր հասցրինք, սրսկեցինք: Մեզանից ոմանք ավելները վերցրած` եկեղեցու բակը բոլոր մաքրեցինք, գրքերս ձեռք առանք և սկսանք ամեն ոք մեր դասերը բարձրաձայն կրկնել: Վարժապետը բարակ շյուղը ձեռքին ճոճեցնելով` սրա-նրա գլուխն էր թակում, որ ուղղվենք, լավ նստենք. գրքներս ուղիղ բռնենք և այլն: Ահա, հևալով տուն ընկավ գզիրն և հայտնեց «աղայի» գալուստը: Մի քանի րոպեից «աղան» յուր հետևից Աշտարակի բոլոր առաջնորդներին քարշ տալով` մտավ եկեղեցու բակը, գնաց ժամի դուռը համբուրեց և մոտեցավ մեզ: Մենք ուսուցչի պատվերին համաձայն` տեղներիցս կանգնեցինք և խոր գլուխ տվինք: Աղան բարևեց, հետո նստեց խալֆա Շապուհի միակ հասարակ փայտյա աթոռի վերա և մատով ինձ յուր մոտ կանչեց ու հարցրեց. -Ընչի՞ համար դու փոքրիկ ես ու քո հասակակիցներին թողած` մեծ տղայոց մոտ, բոլորի ծայրումն ես նստել, երևի մեծերը քո դասդ սերտացնում են, հա՞; — Մե՞ղք կլինի, որ ասես` ես եմ նրանց չգիտեցածը գլխի ձգում, ես առաջին աշակերտն եմ,- հանդգնաբար պատասխանեցի ես: — Ո՞նց թե դու ես առաջին աշակերտը,- զարմացմամբ ու քնքշաբար հառաջ քաշեց, երկու ծնկների մեջ առավ ինձ ու հարցրեց աղան,- դու դեռ մի թիզ չկաս, ահագին մազ ու միրքով տղամարդկանց առաջի՞նն ես: -Կուզես խալֆիս հարցրու: — Հրաման քեզ (այո′), ողորմած տե′ր, դա մեր առաջին աշակերտն է,- հաստատեց Շաբո խալֆան: -Ըհը, լա′վ, ապրի′ս,- գլուխս շոյեց աղան և հարցրեց. — Եթե դու առաջին աշակերտն ես, ասա տեսնեմ` հաց ու պանիր կարդացե՞լ ես: — Հաց ու պանիր ամեն օր ուտում եմ, դու մեծ-մեծ բաներ ասա: -Որ էդպես է, գնա գնա գիրքդ բեր, տեսնեմ: — Մի՞թե դու քերականություն ես սովորում,- ստուգիվ աչքերը չռեց աղան և հարցասիրաբար նայեց ուսուցչին: -Այո′, աղա′, դրա փոքրությանը մի′ նայեք: Չամչյան քերականության առաջին մասը վերջացրել է և ամենքիցը լավ սովորում է,- պնդեց վարժապետը; Աղայի հրամանով եկան և իմ երկու դասընկերներս, որոնք, թեև ինձանից հասակավոր, բայց համեմատաբար շատերից փոքր էին: Տարօրինակ էր, բայց ճշմարտություն էր, ինը տարեկան էի ես, երեք տարով իմ երկու ընկերներս` տեր Գրիգորի տղա Խաչատուրն և Տնտեսենց Գալուստը մեծ էին ինձանից, և ահա մենք երեքով, մեր ներքևը նստած 15-20 տարեկան պատանիների մեջ առաջինն էինք: Խաչատուր տեր-Գրիգորյան, տեր-Խաչատրյանցը` «Աշտարակցի Խաչիկ» կոչմամբ, այսօր ևս լավ հիշում է մեր երջանիկ մանկությունը: Խաչիկի բանաստեղծության միջի 3 գոհարները արտատպված են «Սոխակ Հայաստանի» երգարանի էջերում: Աղան քառորդ ժամի չափ մեզ հարցմունքներ արավ, կարդալ, թարգմանել տվեց, մեր գրաբար կարճ գրությունները տեսավ և հրամայեց տեղերս նստել: Մի ժամի չափ բոլորին մի առ մի քննեց, ամենքիցս էլ գոհություն հայտնեց, վարժապետի էլ ձեռքը բռնեց, շնորհակալություն արեց: Խեղճ ուսուցչի գլխին հարամ եղավ շնորհակալությունը: Ի~նչ չարաճճի էի. մեղավորը ես եմ: Մանկական պարզությամբ, հայտնած խոստովանությունս ծեծի մասին` տեղի տվեց Արքունի դպրոցի տեսչին երկար հարցուխնդիր լինել ուսուցչի ծեծի վերաբերությամբ: Շապուհը չթաքցրեց, պարծանքով հայտնեց, որ ինքն անողորմաբար պատժելով, հասել է ցանկալի արդյունքին: -Երեխա′յք,- դառնում է աղա տեսուչը դեպի մանուկներս,- եթե ես խնդրեմ վարժապետից, որ այսուհետև ձեզ չծեծի, խոստանու՞մ եք, որ միշտ դասերդ լավ պատրաստեք: — Խոստանու~մ ենք,- գոչեցինք միաձայն: — Դե′հ, ուրեմն, միամիտ կացեք, որ այսուհետև ծեծը վերանում է ձեր միջից: Կամեցավ ուսուցիչն ապացուցել ծեծի անհրաժեշտությունը, բայց զուր աշխատություն էր: Տեսուչ աղան մի ուրիշ նորություն ևս սահմանեց. նա զարմացավ, երբ մեզանից լսեց, որ զրկված ենք լողալուց; Նա ինքը նույն երեկոյան պահուն մեզ տարավ գետը, «Ավազագյոլ» կոչված լճի մեջ լողացրեց, ինքն էլ մեզ հետ լողացավ: Հիանալի լողնորդ է եղած աղան, բայց մենք էլ իրանից պակաս չէինք լողում: Աշտարակի Քասախ գետակը լողալու շնորհն անխնայաբար շռայլել է հավասարապես բոլոր աշտարակեցիներին. մեծ ու փոքր քաջավարժ են լողանալու մեջ: Երեք օր անդադար գալիս էր տեսուչը մեզ այցելության, աչքով չտեսած ու ականջով չլսած նորություններն էր մտցնում խալֆայական մահակի ու ռոզգու սովոր աշակերտներիս մեջ. նոր-նոր խաղեր էր սովորցնում. ինքը խաղում էր մեզ հետ և ստիպում վարժապետին հետևել յուր օրինակին: Դու ո′չ մեռնիս, ծեծի օգտակարության գաղափարով տոգորված ուսուցիչը յուր հեղինակության հաստահիմն աշտարակը հիմնահատակ եղած տեսնելով, քաշվել էր հեռու անկյուն և կուչ եկել օտար մարդու պես: Հասկանալի է, նա մտքով անիծում էր տեսչի եկած ճանապարհը և անդադար սպասում էր նրա գնալ-կորչելուն, որ վրեժն առնի յուր արդեն երես առած ստահակներից: Չորրորդ օրն յոթանասուն երեխայք, Շապուհ վարժապետն և գյուղի կեսը ոտքով ուղեկցում էինք Երևանի արքունի դպրոցի մեծապատիվ տեսչին: Նա ինքը ցանկացավ, որ իրան ճանապարհ դնենք երգելով և զվարճանալով: Նա ձի չհեծավ, շուրջ առած դպրոցականներիս, մեզ խրախուսելով, ոտքով էր գնում: Գետի կամրջովն անցկացանք, ձորը դուրս ելանք: Եթե նա մեզ չկանգնեցներ, մենք պատրաստ էինք մեր սիրելի և թանկագին հյուրին 4 ուղեկցել մինչև Երևան: Ամենքիս մեկ-մեկ համբուրելով, յուր հրաժեշտը տվեց այս խոսքերով. — Երեխա′յք, ձեր վարժապետն ինձ խոստացել է այսուհետև ծեծը բոլորովին վերացնել, ամառվա շոգերին միայն առավոտյան և երեկոյան հով ժամանակը պարապել, մյուս ժամանակներին ազատ եք, խոստացել է ամեն օր երեկոյան դեմ ձեզ լողալու տանել, օրական երկու ժամ խաղացնել: — Բայց, երեխա′յք, եթե որևէ խնդիր ունենաք ինձ դառնալու, իրավունք եմ տալիս գրավոր դիմելու. ես Երևանի թագավորական ուումնարանի տեսուչն եմ, ձեր թուղթն ուղղակի ուսումնարան ղրկեցեք. մի′ քաշվեք, ես ինքս էլ գյուղացի եմ, Քանաքեռ գյուղիցն եմ. իմ անունս է Խաչատուր Աբովյանց: —Աստված կյանք տա~, շատ շնորհակալ ենք,- ձայն-ձայնի տվինք մանուկներս: Նա ձի նստեց և հեռացավ: Բլրի հետևն էր անցել Աբովյանցը, իսկ մենք մեր կեցցեները դեռ չէինք դադարեցրել: Գնաց հայ ազգի նոր գրականության լուսատու աստղը` հանրահռչակ Խաչատուր Աբովյանցն և մեր սիրտը հետը տարավ: Նա տարավ և մեր վարժապետի հոգու անդորրությունը: Ինչպես վերն ասացի, այն օրից Շապուհ Շահնազարյանցի ոգևորությունը մեռավ: Հայտնի չէ` վախենում էր, որ չգրենք Աբովյանցի՞ն, թե յուր խոստումն էր կամենում սրբությամբ կատարել: Էլ այնուհետև ծեծը վերջացրեց: -Ա~խ, ի~նչ անեմ…- ատամները կրճտացնում էր հաճախ խալֆան, երբ անկարգություն էինք անում կամ դասերը չէինք իմանում,- արևը վատ տեղն է մայր մտել, թե չէ ես գիտեի ինչ անելս: Էլ չդիմացավ Շապուհը, երկրորդ տարին տուն ու տեղն ուսեց, յուր մատաղ ամուսնույն շալակեց, Աշտարակից երեսը շրջեց և տեղափոխվեց Երևան, ուր և վախճանվեց ջահել հասակում: Կարծեմ դեռ Շապուհը չէր գնացել մեր գյուղից, որ Աբովյանցի կորստյան բոթը հռչակվեց: Եթե չեմ սխալվում, 1846 կամ 1847 թվականն էր: Ասում էին, իբր թե, մի առավոտ զարթնել են և գտել, որ տան գլուխը չկա, ու՞ր է գնացել, ո՞վ է տարել` ոչ ոք չգիտեր: (Մինչի այսօր ևս չիմացվեց): Ձայն դուրս եկավ, իբր թե` Աբովյանցի գլխարկը, կոշիկի մի հատն ու սյուրտուկը գտնվել են Զանգու գետի ափին… Այլք ուրիշ հավանական և անհավանական ենթադրություններ էին անում…. ո′վ գիտե, ժամանակից առաջ ծնած մարդ էր, ամեն բան կարելի էր գուշակել, բայց հաստատ ոչինչ չիմացվեց: Հաստատ էր միայն, որ Զանգուն աղեցին, մաղեցին, ամեն տեղ որոնեցին և դիակը չգտա′ն, չգտա′ն, չգտա′ն: